Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 5-ին, շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ ուսուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ:

Դարեր ի վեր մանկավարժությունը եղել է հայ իրականության մեջ ամենահարգված մասնագիտություններից մեկը: Եվ պատահական չէ, որ բախտի քմահաճույքով որտեղ էլ հայտնվել են մեր ժողովրդի ներկայացուցիչները առաջին հերթին կրթօջախներ ու եկեղեցիներ են հիմնել: Պատահական չէ նաեւ, որ անգամ մահաբեր Դեր-Զորում կային ուսուցիչներ, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, անապատի ավազի վրա հայ երեխաներին մեսրոպյան գիր էին սովորեցնում:

Դպրոցն ընտանիքի շարունակությունն է, որտեղ երեխաները հասունանում են որպես հասարակության լիարժեք անդամներ: Պիտի գիտակցենք, որ դպրոցների եւ ուսուցիչների առկա խնդիրները յուրաքանչյուրիս ընտանիքի եւ մեր ընդհանուր ապագայի խնդիրն է, որի լուծումը մենք տալիս ենք եւ տալու ենք մեր միասնական ու հետեւողական աշխատանքով:

Ուսումնատենչությունը, կրթության եւ գիտելիքի հանդեպ հարգանքը մեր անպարտելիության ու հավիտենական գոյության հիմնական երաշխիքներից են, իսկ ուսուցիչները` այդ վեհ գործի պահապաններն ու առաջամարտիկները:

Սիրելի՛ ուսուցիչներ,

Կրկին շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ եւ երախտագիտություն հայտնում ձեր օրնիբուն աշխատանքի համար` մաղթելով քաջառողջություն ու հաջողություն»: