Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հունգար գործընկերոջից՝ Վիկտոր Օրբանից խոստումներ է ստացել, որ Բուդապեշտը չի հետաձգի թագավորության անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այս մասին շվեդ քաղաքական գործիչն ասել է ուրբաթ կայացած մամուլի ասուլիսում։

«Իհարկե, երեկ ես խոսել եմ Վիկտոր Օրբանի հետ։ Նա շատ հստակ հաստատեց, որ այն, ինչ ասել է ինձ անցած շաբաթ, կմնա ուժի մեջ։ Հունգարիան ոչ մի կերպ չի ուշացնի Շվեդիայի [հայտի] վավերացումը [Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու համար],- Քրիստերսոնի խոսքերը մեջբերել է ТТ գործակալությունը։- Իհարկե, ես հավատում եմ նրա խոսքին այս հարցում»։

Ավելի վաղ հունգարական ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները հայտարարել էին, որ խորհրդարանի ընթացակարգային հարցերով զբաղվող կոմիտեն որոշել է հետաձգել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը հավանություն տալու հարցը։ Հունգարիայի խորհրդարանը, չնայած արտասահմանի ճնշմանը, արդեն քանիցս հետաձգել է դաշինքին Շվեդիայի անդամակցության համաձայնագրի վավերացումը։

Ֆինլանդիան եւ Շվեդիան իրենց հայտերը ներկայացրել են 2022թ. մայիսի 18-ին՝ նշելով, որ այդ քայլին իրենց դրդել են իրադարձություններն Ուկրաինայում։ ՆԱՏՕ բոլոր երկրների շարքում Շվեդիայի մասնակցության մասին փաստաթղթերը չի վավերացրել նաեւ Թուրքիան, որը Ստոկհոլմից պահանջում է ավելի վճռական միջոցներ երկրում հաստատված քուրդ ծայրահեղականների նկատմամբ։