«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության հետ համատեղ` DigiTec 2011թ. Տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին զուգահեռ, հոկտեմբերի 7-ին, կազմակերպում է  ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի  աշխատանքի տոնավաճառ:

Գործակալությունից NEWS.am-ին հայտնում են, որ կազմակերպվող միջոցառումը նպատակ ունի աջակցել գործատուներին իրենց  պահանջներին համապատասխան մասնագետներ, իսկ  աշխատանք փնտրողներին` նշված ոլորտում աշխատանք գտնելու հարցերում:

Այս  աշխատանքի տոնավաճառը 2011թ-ի ընթացքում պետական բյուջեի ֆինանսավորմամբ նախատեսված տոնավաճառներից 6-րդն է, որին մասնակցելու հայտ են ներկայացրել շուրջ 55  գործատու, նախատեսվում է, որ տոնավաճառին կներկայացվի շուրջ 210 առկա եւ 100 կանխատեսվող թափուր աշխատատեղ:  Կանխատեսվում է, որ տոնավաճառին կմասնակցի շուրջ  7000 աշխատանք փնտրող:

Աշխատանքի տոնավաճառը լայն հնարավորություն կընձեռի աշխատանք փնտրողներին` տեղեկանալու տեղեկատվական  տեխնոլոգիաների վերջին ձեռքբերումներին, ծանոթանալու ՏՀՏ ոլորտի այսօրվա եւ վաղվա պահանջված մասնագիտություններին, ինչպես նաեւ  ընդգրկվելու ՏՀՏ ոլոտի  կրթական ծրագրերում:

2009թ.-ի ընթացքում աշխատանքի տոնավաճառներ են կազմակերպվել Վանաձորում, Արտաշատում, Գյումրիում, Դիլիջանում, Հրազդանում եւ Կապանում,  որոնց մասնակցել է 218 գործատու եւ շուրջ 10750 աշխատանք փնտրող: Տոնավաճառներին ներկայացվել է 1363 առկա թափուր եւ 2104 սպասվող   աշխատատեղեր: Արդյունքում շուրջ 430 աշխատանք փնտրող տեղավորվել է աշխատանքի: 

Նշենք, որ պաշտոնապես գրանցված գործազրկության միջին ամսական  մակարդակը հանրապետությունում 2011 թ. օգոստոսին տարեսկզբի նկատմամբ նվազել է 0.5 %-ով եւ կազմում է 6.5%:

2011թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ, աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 85.6 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 15.5 %-ով (98.9հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ 8.9 %-ով (93.2 հազ. մարդ):  Գործազուրկների թվաքանակը կազմում է  աշխատանք փնտրողների 84.2 %-ը կամ 72.1 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 14.6 %-ով (82.6 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 8.5 %-ով (78.8 հազ. մարդ):  Շարունակում է բարձր մնալ  գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի  70.5%-ը, կամ 50.8 հազ. մարդ:

Սեպտեմբերի 1-ի դրությամբ գործազրկության  նպաստի ստացման իրավունք ունի 17338 գործազուրկ, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել  է  32.5 %-ով (22975 մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ ` 9.8 %-ով (19030 մարդ): 

Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 7367 աշխատանք փնտրող: Աշխատանքի տեղավորվածներից 1961-ը երիտասարդներ են