Արտաշատում` այսօր` հոկտեմբերի 6-ին, տեղի է ունեցել Արարատի մարզի տարածաշրջանային պետական քոլեջի բացումը, որն ամբողջովին վերակառուցվել է եւ համալրվել ժամանակակից տեխնիկայով ու լաբորատոր սարքավորումներով:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը: Նրանք շրջել են ուսումնական հաստատությունում, ծանոթացել ստեղծված պայմաններին:
Քոլեջում դասավանդվում է 6 մասանագիտություն` դեղագործություն, ատամնատեխնիկա, կոսմետոլոգիա, հաշվապահական հաշվառում, փոխադրումների կազմակերպում եւ կառավարում, ինչպես նաեւ ծրագրավորում:
Հայաստանի կառավարության եւ Եվրամիության համագործակցության շրջանակում վերջին տարիներին մեր երկրում բացվել է նմանօրինակ 12 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն: Ծրագրի նպատակն է տարածաշրջաններում զարգացնել միջին մասնագիտական կրթության որակը եւ տարբեր մասնագիտական ոլորտներին մատակարարել որակյալ կադրեր: Ծրագրի իրականացման համար ԵՄ կողմից հատկացվել է 30 մլն եվրոյին համարժեք դրամ:




























