Հայաստանի կառավարությունն այսօրվա` հոկտեմբերի 6-ի նիստում լիազորեց Երեւանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության անունից «Լոկալ Դիվելոփըրզ» uահմանափակ պատաuխանատվությամբ ընկերության հետ կնքել պայմանագիր` Երեւանի մի շարք տարածքներում կառուցապատման թույլտվություն տալու համար:

Նշենք, որ «Լոկալ Դիվելոփըրզը» պատկանում է հայտնի գործարար Սամվել Մայրապետյանին:

Խոսքը վերաբերում է Երեւան քաղաքի Պուշկինի, Տերյան, Եզնիկ Կողբացիի եւ Հին Երեւանցու փողոցներով պարփակված, Երեւան քաղաքի Նալբանդյան, Պուշկինի, Աբովյան փողոցներով եւ Սախարովի հրապարակով պարփակված, եւ Պռոշյան, Դ.Դեմիրճյան փողոցներին եւ Սիրահարների զբոսայգուն հարակից տարածքներին: 

Նշենք, որ կառավարության նախկին մի քանի որոշումներով այդ տարածքների նկատմամբ արդեն իսկ ճանաչվել էր բացառիկ գերակա շահ, իսկ կառուցապատման իրավունքը տրվել էր «Լոկալ Դիվելոփըրզ»-ին: Սակայն ընկերությունը չի հասցրել բոլոր սեփականատերերի հետ կնքել պայմանագրեր` տների օտարման մասին: Որոշ սեփականատերերի չի ուղարկվել օտարման պայմանագրերի նախագծեր, որոշ սեփականատերերի ուղարկվել է` սակայն վերջիններս համաձայն չեն եղել առաջարկվող գնին: Իսկ Կոզեռն թաղամասում օտարման գործընթացը նույնիսկ հասարակական հուզումների պատճառ էր դարձել:

Այս որոշմամբ, կառավարությունը ցանկանում է ավարտին հասցնել պայմանագրերի կնքումը, որպեսզի «Լոկալ Դիվելոփըրզը» կարողանա իրականացնել կառուցապատման աշխատանքը: