Առնվազն երկու մարդ զոհվել է, մեկ հոգի համարվում է անհետ կորած ուրբաթ Մեքսիկական ծոցի Nohoch Alfa նավթային պլատֆորմում բռնկված հրդեհի պատճառով, նշվել է Petróleos Mexicanos (Pemex) պետական նավթային ընկերության հայտարարությունում, տեղեկացրել է CNN-ը։
Մոտ 321 աշխատող 328-ից, ըստ Pemex-ի, արդեն տարհանվել է։ Հրդեհի դեմ պայքարի համար չորս նավակ է ուղարկվել։
Ավելի վաղ ընկերությունը տեղեկացրել էր, որ առնվազն վեց մարդ վնասվածքներ է ստացել։
Pemex-ի տնօրեն Օկտավիո Ռոմերո Օրոպեզան Թվիթերի տեսաուղերձում ասել էր, որ կա երկու զոհ, մեկ հոգի անհետ կորել է։
Օրոպեզան տեղեկացրել է, որ պլատֆորմի մի մասը լիովին ոչնչացվել է հրդեհից, եւ որ Pemex-ը կհետաքննի հրդեհի պատճառը։
Նա ասել է, որ ընկերությունն այժմ փնտրում է անհետ կորած մարդուն եւ փորձելու է վերականգնել աշխատանքները։
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ կրակի դեմ մարտնչում են Pemex ընկերության հրշեջները, մասնակցում են նաեւ Մեքսիկայի ռազմածովային ուժերը։
Pemex ընկերությունը, որը արդյունաբերական վթարների դեմ պայքարի մեծ փորձ ունի, հայտարարել է, որ «կշարունակի տեղեկացնել հրդեհի մարման մասին օրվա ընթացքում»։





























