Ռումինիայում «սարսափների ապաստարանների» սկանդալից հետո ստուգվել են տարեցների, անչափահասների և հաշմանդամություն ունեցող անձանց բնակության բոլոր հաստատությունները, որոնցից 13-ը փակվել են, հինգշաբթի ասել է ՆԳ նախարար Քեթլին Պրեդոյուն։

«Գնահատվել և ստուգվել է 1037 բնակելի միավոր, բացահայտվել է առանց լիցենզիայի նման 24 բնակելի շենք, որոնք գործել են ապօրինի, այս պահին 13 կենտրոն այլեւս չի աշխատում։ Կազմվել է ինը քրեական գործ, որոնցից հինգը վերաբերում են անձի դեմ հանցագործություններին, չորսը՝ տնտեսական բնույթի հանցագործությունների», - կառավարության նիստում ասել է Պրեդոյուն։

Նրա խոսքով, մինչ օրս խոցելի խմբերի քաղաքացիներին ծառայություններ են մատուցում 2812 պետական ​​ապաստարաններ և 2835 մասնավոր կացարաններ։ Նրանցից որոշներին նախազգուշացումներ են տրվել և ժամանակ տրվել՝ շտկելու իրենց թերությունները։ Բացի այդ, կազմվել է 3610 արձանագրություն՝ ընդհանուր 2,2 մլն դոլար տուգանքի չափով։

Հուլիսի սկզբին Ռումինիայում սկանդալ բարձրացավ ծերանոցների հետ կապված, որոնք տեղական ԶԼՄ-ներն անվանեցին «սարսափի ապաստարաններ»։ Քննիչների տվյալներով՝ 2020 թվականի նոյեմբերից Իլֆով կոմսությունում ստեղծվել են երկու կազմակերպված հանցավոր խմբեր, որոնք շահագործում էին թոշակառուներին և ապաստարաններից հաշմանդամներին։ Դատախազության հաղորդագրության համաձայն՝ կացարանի աշխատակիցները տարեցներին ստիպել են աշխատել, ծեծել են, առանց բուժման և խնամքի են թողել, անկողնուն գամված հիվանդների տակդիրներն ինը օրը մեկ են  փոխել։ Սենյակները չէին ջեռուցվում և պատշաճ լուսավորված չէին, չունեին բավականաչափ նորմալ մահճակալներ և ներքնակներ։ Միաժամանակ կացարանների բնակիչներից խլվել են նպաստներն ու թոշակները, առգրավվել են հարազատների կողմից փոխանցված սնունդը, հագուստը և դեղերը։