Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս է զանգահարել Ազատության պողոտայում գտնվող խանութներից մեկի վաճառողուհին եւ հայտնել, որ մի տղամարդ դանակով իրեն սպառնալով` խանութից ապրանքներ է վերցնում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 18.50-ին, Ազատության պողոտայի թիվ 7 շենքի մոտից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 51-ամյա Հարություն Հակոբյանը:
Պարզվել է, որ նա ժամը 16.00-ին մուտք է գործել խանութ, սպառնալիքով հափշտակել 1 շիշ կոնյակ եւ դիմել փախուստի, այնուհետեւ, ժամը 18.20-ին, կրկին վերադարձել է եւ դանակի սպառնալիքով փորձել հափշտակել խմիչք եւ ծխախոտ, ինչը կանխվել է աշխատակիցների եւ քաղաքացիների կողմից:
Պատճառված վնասի չափը պարզվում է: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:




























