«ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսն այսօր` հոկտեմբերի 7-ին, Երեւանում, բացվեց 15 րոպե ուշացումով: Պատճառը` վարչապետ Տիգրան Սարգսյանի, որի բարձր հովանում ներքո էլ անցկացվում է «ԴիջիԹեքը», ուշացումն էր: Վարչապետն, ըստ երեւույթին, միակ ուշացողը չէր` Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզիի այցի կապակցությամբ առավոտյան մի որոշ ժամանակ փակ էր Բաղրամյան պողոտան:

Իր բացման խոսքում վարչապետը նշեց, որ տարեցտարի «ԴիջիԹեք»-ի նկատմամբ հետաքրքրությունն աճում է, բավական է ասել, որ մասնակիցների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 70 տոկոսով եւ հասել 115-ի: Սա մի կողմից ուրախալի է, քանի որ աշխարհում ցուցահանդեսների նկատմամբ հետաքրքրության անկում կա, սակայն մյուս կողմից վկայում է, որ տեխնոլոգիական ոլորտի շուկայական մյուս ենթակառուցվածքները բավականաչափ զարգացած չեն: Չեն կայանում բիզնես-ինկուբատորները, տեխնոպարկերի հեռանկարը մշուշոտ է նույնիսկ այն պարագայում, որ կառավարությունը պատրաստ է զգալի միջոցներ հատկացնել դրանց, չկան համալսարանական ենթակառուցվածքները: Նման պայմաններում «ԴիջիԹեք»-ի նման ցուցահանդեսներն իրոք կարեւոր նշանակություն են ձեռք բերում, քանի որ բացի իրենց ցուցահանդեսային բովանդակությունից, ձեռք են բերում նաեւ այլ` ինստիտուցիոնալ բովանդակություն: Ցուցահանդեսը դառնում է ոչ միայն ցուցադրական (մարկետինգային), այլեւ շուկայական մի հարթակ, որտեղ բիզնես գործարքներ են տեղի ունենում: Ըստ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի` «ԴիջիԹեք»-2010-ին մասնակցող ընկերությունների մոտ կեսը խոստովանել է, որ գործարք է իրականացրել հենց ցուցահանդեսի ընթացքում: 

Անշուշտ` կազմակերպչական առումով «ԴիջիԹեք»-ը զգալի առաջընթաց է ապրել: Վերջին 3 «ԴիջիԹեք»-երը որակապես տարբերվում են նախորդներից, ինչը իսկապես նպաստում է ոլորտի նկատմամբ հանրության եւ բիզնեսի հետաքրքրության աճին: Սա այն ցուցահանդեսն է, որին կարելիէ առանց քաշվելու հրավիրել արտասահմանյան հեղինակավոր ընկերություններին, թեեւ շոուի որոշ տարրեր կան: Ու իրոք` հայտնի տեխնոլոգիական ընկերությունները Հայաստանի շուկա մուտք գործելիս իրենց հայտը հանրությանն ու գործարար աշխարհին ներկայացնում են հենց «ԴիջիԹեք»-ի միջոցով: Այդպես վարվեց շվեդական «Էրիքսոնը», այս տարի, օրինակ, նույն ճանապարհն է անցնում Մերձբալթիկայի խոշորագույն ՏՏ դիստրբյուտորը` «Ակմե Քոմփյութեր Քոմփոնենթսը» (ACC):

Հիմնական հարցերից մեկն այն է` որքանո՞վ նման ցուցահանդեսները, որոնց կազմակերպման համար գումար է հատկացվում նաեւ պետբյուջեից, նպաստում են տեխնոլոգիական առաջընթացին: Վարչապետն այսօր կրկին հիշեց, որ ՏՏ-ն Հայաստանում գերակա ճյուղ է հռչակված դեռ 2000-ին: «Ստեղծվել են լուրջ նախադրյալներ, որպեսզի այս բնագավառը հանդիսանա մեր տնտեսության զարգացման կարեւորագույն շարժիչներից մեկը»,- ասաց վարչապետը: Քիչ չէ՞ արդյոք 11 տարի անց խոսել ընդամենը նախադրյալների մասին, երբ աշխարհը պարզապես չի հասցնում հետեւել տեխնոլոգիական հեղափոխությունների շքերթին: Ներկայում ՏՏ ոլորտի տարեկան արտադրանքի ծավալը կազմում է մոտ 200 մլն դոլար, կան 300 ձեռնարկություններ, 5500 աշխատակիցներ (հեռահաղորդակցության հետ միասին` 10 հազ. աշխատակիցներ): 

Սակայն «ԴիջիԹեք»-ի որակական աճը հույս է տալիս, որ տեխնոլոգիական ճեղքումը մեզ մոտ, այնուամենայնիվ, տեղի կունենա: Ցուցահանդեսում բավական ուժեղացվել է ինժեներական ոլորտը` այսպես կոչված «ճարտարագիտական աշխարհը»: Այն ներկայացնում է տարբեր լուծումներ` սկսած արտադրական գործընթացների կառավարումից եւ ավտոմատացումից մինչեւ ուսումնական լաբորատոր ստենդների մշակում: Այստեղ էլ, ըստ էության, կենտրոնացած է մեր ՏՏ ոլորտի ինտելեկտուալ կորիզը:

Սամվել Ավագյան