Ավստրալացի զբոսանավավար, Սիդնեյի բնակիչ Թիմ Շադոկը, ով իր շան Բելլայի հետ Մեքսիկայից Ֆրանսիական Պոլինեզիա էր նավարկել փոքրիկ կատամարանով, փոթորկի մեջ է ընկել և կորցրել կապի բոլոր սարքերը, սննդի պաշարները և քաղցրահամ ջուրը, որից հետո նա ընտանի կենդանու հետ միասին ավելի քան երեք ամիս Խաղաղ օվկիանոսում ողջ է մնացել հում ձկով և անձրևաջրերով, հայտնում է ավստրալական 9 News հեռուստաալիքը:
Դժբախտության մեջ գտնվող նավաստուն պատահաբար հայտնաբերել է ձկնորսական նավատորմի անձնակազմը.
«Դա բառացիորեն նման էր խոտի դեզում ասեղ գտնելուն, նման փոքր նավը՝ հսկայական Խաղաղ օվկիանոսում», - հեռուստաալիքին ասել է Ավստրալիայի համալսարաններից մեկի պրոֆեսոր, օվկիանոսում գոյատևման փորձագետ Մայք Թիփթոնը:
«Այն փաստը, որ Շեդոքը ողջ է մնացել, բախտի և առագաստանավային հմտությունների համադրություն է: Օրինակ, նա գիտեր, որ արևադարձային կլիմայական պայմաններում քաղցրահամ ջրի սահմանափակ պաշարի դեպքում պետք է փորձել արևի տակ չմնալ և չտաքանալ, որպեսզի քրտինքի միջոցով ջուրը չկորի մարմնից, բայց իր բախտը բերել է սեզոնի հետ», - ասաց գիտնականը՝ նշելով, որ արևադարձային Խաղաղ օվկիանոսում փոթորիկները ոչ միայն վտանգի աղբյուր են փոքր նավակների համար, այլև թարմ անձրևաջրերի աղբյուր։
Պրոֆեսոր Թիփթոնը վստահ է, որ Շադոկի փրկվելու և լավ ֆիզիկական վիճակ պահպանելու համար հսկայական դեր է խաղացել նաև նրա շան ներկայությունը։
«Կարծում եմ, որ նավի վրա շուն ունենալը շատ օգնեց: Գոյատևումը պահանջում է շատ դրական հույզեր, և այդ էմոցիաները նրան տվել են նավի վրա շան՝ Բելլայի առկայությունը և պատասխանատվության զգացումը, որը նա զգացել է ինչպես իր, այնպես էլ շան կյանքի համար», - ասել է նա հեռուստաալիքին:
Ներկայում Շադոկը և նրա շունը՝ Բելլան, գտնվում են նրանց փրկած նավում, որը շարժվում է դեպի Մեքսիկայի ափ:





























