Բուլղարիայի իրավապահ մարմինները նշել են 39-ամյա մի տղամարդու կալանավորելու մասին, որը սպառնում էր սպանել երկրի պաշտպանության նոր նախարար Թոդոր Տագարեւին, գրել է Euractiv-ը։ Պորտալի տեղեկացմամբ՝ կալանավորվածն այդ սպառնալիքները հնչեցրել է սոցցանցերում։

«Հուլիսի 4-ին մեղադրյալը սպառնացել է սպանել նախարարին՝ սոցցանցով նրա անձնական պրոֆիլին հաղորդագրություն ուղարկելով  <…> այդ մարդը սպառնացել է Տագարեւին, որովհետեւ իրեն դուր չի եկել նրա դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության հարցում։ Քննության ընթացքում պարզվել է, որ պրոֆիլը սոցիալական ցանցում, որից ուղարկվել է սպառնալիքը, ստեղծվել եւ օգտագործվել է մեղադրյալ Գ.Դ.-ի կողմից։ Տղամարդը կալանավորվել է 72 ժամով»,- նշվել է հաղորդագրությունում։

Ինչպես նշել է Euractiv-ը, Տագարեւը կողմնակից է, որպեսզի ռազմական, ֆինանսական եւ հումանիտար օգնություն տրամադրվի Ուկրաինային՝ եվրոպամետ դիրքորոշում որդեգրելով այս հարցում՝ իր նախորդի համեմատ։ Մասնավորապես, նոր նախարարը կողմնակից է Կիեւին ծանր սպառազինություն ուղարկելուն։