Տավուշի մարզի հեռավոր սահմանային գյուղերի բնակիչները դժգոհում են, որ իրենք մատնված են անուշադրության: Գյուղերը, որոնք սահմանակից են հարեւան Ադրբեջանին եւ որոնք բնակիչները պաշտպանել են արյան գնով, հիմա հեշտությամբ դատարկվում են: Տեղեկացնում է NEWS am-ի թղթակիցը Տավուշի մարզից:

Պատճառը սոցիալ-տնտեսական ծանր դրությունն է: Կառավարությունը չունի տարբերակված մոտեցում թշնամու ուղիղ հարեւանությամբ բնակվող գյուղացիների համար: Նրանք վճարում են նույն հարկերն ու տուրքերը, սակայն Տավուշի մարզում գյուղացիները հող մշակել չեն կարող, հողերն ականապատված են եւ անգամ հացը գյուղացին գնում է խանութից:

«Հացի փուռը մեր գյուղում եղած միակ աշխատատեղն է, ուրիշ չկա, չհաշված դպրոցն ու մանկապարտեզը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ Աննա Ոսկանյանը: Աննան ասել է, որ օրինակ ինքը  երկու տեղ է աշխատում է ՝առաջին հերթով ուսուցչուհի, երկրորդ հերթով հացթուխ, որպեսզի կարողանա 3 երեխաներին պահել: «Ամուսինս  շատերի պես մեկնել է արտերկիր ու կորել է, չկա արդեն 3 տարի»,-ասել է Աննան:

Գյուղը տուժել է 90-ականների սկզբներին, երբ գյուղ էին մտել ու ռմբակոծել ադրբեջանական տանկերը: «Այն ժամանակ ոչ ոք գյուղը լքելու մտադրություն չուներ, իսկ ահա այսօր բոլորն են գնում: Որովհետեւ գյուղում մնալ, նշանակում է գողություն անել ու տունը պահել, գողություն ենք անում, մոշ  ենք գողանում, հոն ենք գողանում, պոպոք, որ վաճառենք՝ ապրենք»,-դժգոհել  են Այգեհովիտի տղամարդիկ:

«Գյուղը պաշտոնյաներ վաղուց չի տեսել, բայց սպասում ենք. շուտով ընտրություններ են, կգան ու խոստումներ կտան զարգացնել Այգեհովիտը»,-պատմել է 70-ամյա Ղուկաս Ասատրյանը:Նրա խոսքով, Հայաստանի դարպասն ու պաշտոնյաների թիկունքը պահողը ադրբեջանական  կողմից տավուշցիներն են  ու դժգոհ ենք այս երկրի իշխանություններից: