Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական բանակում զինվորների մահվան դեպքերի կտրուկ աճը սկսել է լրջորեն անհանգստացնել Պաշտպանության նախարարությանը, հաղորդում է ադրբեջանական «Տրիբունա» գործակալությունը: Վկայակոչելով իր հավաստի աղբյուրները` «Տրիբունան» նշում է, որ եթե նախկինում դրան մեծ նշանակություն չէր տրվում, ապա այժմ դանակը ոսկորին է հասել, եւ իրավիճակը կտրուկ փոխվել է:
Աղբյուրի հաղորդմամբ, խաղաղ պայմաններում գրանցվող մահվան դեպքերի հետաքննությունը որեւէ արդյունք չի տալիս, այդ պատճառով Սաֆար Աբիեւը որոշել է «տեղից շարժվել»: «Տրիբունան» գրում է, որ իրադրությունը քննարկելու համար մոտ օրերս կոլեգիալ նիստ է անցկացվելու, որը լայն մասշտաբներ է ընդգրկելու: «Լարված ժողովին մասնակցելու են ոչ միայն ՊՆ ապարատի աշխատակիցները, այլ նաեւ կորպուսների եւ զորամասերի հրամանատարները: Լարվածության պատճառը զինվորների մահվան դեպքերի թվի աճն է, եւ դրանք կանխելու անհրաժեշտությունը»,-գրում է ադրբեջանական աղբյուրը:
Շատ հավանական է, որ Պաշտպանության նախարարությունում ստեղծված իրադրությունը շտկելու եւ հասարակության մեջ առկա բողոքի ալիքը թուլացնելու նպատակով Սաֆար Աբիեւը գեներալներից մի քանիսին խիստ նկատողության արժանացնի, եզրափակում է «Տրիբունան»:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ 2011 թվի 9 ամսվա կտրվածքով, Ադրբեջանի պաշտպանության եւ անվտանգության ոլորտում գրանցվել է ավելի քան 75 զինծառայողի մահվան դեպք: «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնի փորձագետների հաշվետվություններով, 2004 թվից հետո ադրբեջանական բանակի կորուստների վերաբերյալ այդ ցուցանիշը ամենաբարձրն է:




























