Վրացի գործարար Բիձինա Իվանիշվիլին, ով ցանկանում է կուսակցություն ստեղծել եւ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, քաղաքականությամբ միայն երեք տարի է զբաղվելու, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
«Խնդիրները լուծելու համար կպահանջվի մոտավորապես 2-3 տարի: Դրանից հետո պատրաստվում եմ լքել քաղաքականությունը, որպեսզի ակտիվ մասնակցություն ունենամ երկրի հասարակական կյանքում եւ զարգացմանը»,-նշված է գործարարի կողմից տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ վրացի գործարարը այսօր հատուկ հայտարարություն է տարածել, որտեղ ներկայացնում է իր քաղաքականություն մտնելու որոշման պատճառները: Նա ուզում է ստեղծել անկախ դատական համակարգ, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածաշրջաններում վերականգնել վրացական պետության իրավասությունները, ինչպես նաեւ վերացնել մոնոպոլիան եւ ստեղծել իրական հետաքրքիր ներդրումային միջավայր:
Նշենք նաեւ, որ գործարարն ուզում է ձեռք բերել վրացական հեռուստաընկերություններից մեկը: Նա իր ուշադրությունը կենտրոնացրել է վրացական «Մաեստրո» եւ «Կովկասի համար» հեռուստաընկերությունների վրա: Ինչպես գործակալությանը հայտնել է «Մաեստրո» հեռուստաընկերության ղեկավար Մամուկա Ղլոնտին, «Մաեստրոյի» ոչ մի մասնաբաժին չի վաճառվում:




























