Շվեդական Մալմյոյի օկրուգային դատարանը հայտնի էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգին տուգանել է 1,5 հազար շվեդական կրոնով (144 դոլար) բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությանը չենթարկվելու համար, տեղեկացրել է «Ֆրանս պրես» գործակալությունը։
«Շվեդական դատարանը երկուշաբթի մեղավոր է ճանաչել կլիմայական արշավի ակտիվիստուհի Գրետա Թունբերգին, որն անցած ամիս չի ենթարկվել ոստիկանության հրամաններին Մալմյո քաղաքի հանրահավաքում եւ նրան տուգանքի է ենթարկել»,- նշվել է հաղորդագրությունում։
Նշվել է, որ Թունբերգը ընդունել է, որ չի կատարել ոստիկանության հրամանը, բայց հերքել է հանցակազմի առկայությունն իր գործողություններում՝ «վկայակոչելով կլիմայական ճգնաժամը»։
«Կարճատեւ դատաքննությունից հետո դատարանն, այնուամենայնիվ, նրան մեղավոր է ճանաչել եւ տուգանքի ենթարկել 1 500 կրոնի (144 դոլար) չափով»,- նշվել է հաղորդագրությունում։
Դատարանի որոշման համաձայն՝ եւս 1 000 կրոն (մոտ 100 դոլար) Թունբերգը պետք է վճարի որպես հանցագործությունների զոհերի շվեդական ֆոնդի մուծում։
Հունիսին Թունբերգը եւ էլի մի քանի ակտիվիստներ փորձել էին արգելել նավթով լցանավի շարժը Մալմյոյի նավահանգստում, ցույցի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության պահանջին՝ հեռանալ նավահանգստից։ Ինչպես տեղեկացրել է «Ֆրանս պրեսը», առավելագույն պատիժը, որը կարող էր պահանջել մեղադրող կողմը, վեցամսյա բանտարկությունն էր։





























