217 կմ/ժամ արագությամբ քամով ուղեկցվող տոռնադոն երկուշաբթի առավոտյան հարվածել է շվեյցարական Լա Շո դը Ֆոն քաղաքին, առնվազն մեկ մարդ մահացել է, եւս մի քանիսը վնասվածքներ են ստացել, տեղեկացրել են Շվեյցարիայի օդերեւութաբանական ծառայությունը եւ տեղի ԶԼՄ-ները։
«Ուժգին քամի (217 կմ/ժ արագությամբ) է գրանցվել Լա Շո դը Ֆոնի օդանավակայանում երկուշաբթի առավոտյան, ամպրոպի ժամանակ, որն անսպասելի ուժեղացել է շրջանին մոտենալուն զուգընթաց»,- նշել է Meteosuisse ծառայությունն իր Թվիթերի օգտահաշվում։
Տեղի «24 ժամ» թերթը նշել է, որ առնվազն մեկ մարդ մահացել է երկաթուղային կայարանում ամբարձիչի ընկնելու հետեւանքով, գրանցվել են «բազմաթիվ տուժածներ»։
Շվեյցարական հանրային տրանսպորտը (CFF) սոցիալական ցանցերում տեղեկացրել է, որ մի քանի երթուղիներով երթեւեկությունը դադարեցվել է եղանակային պայմանների պատճառով։
Բազմաթիվ տեսագրությունները, որոնք կատարել են ականատեսները, ցույց են տալիս, թե ինչպես է շատ ուժեղ քամին քշում սեղան-աթոռները, ինչպես նաեւ բազմաթիվ թռչող առարկաներ։ Տները զրկվել են տանիքներից, արմատախիլ են արվել ծառեր, սյուներ են տեղահան արվել։ Ներկայում իրականացվում են փրկարար գործողություններ։





























