Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունում ուշադիր հետեւում են ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուբադ Իբադօղլուի ձերբակալման հետ կապված իրավիճակին։ Այս մասին Turan-ին ասել են ամերիկյան դեսպանությունում՝ պատասխանելով «Голоса Америки»-ի ադրբեջանական ծառայության հարցմանը։

«Մենք ուշադիր հետեւում ենք Գուբադ Իբադօղլուի ձերբակալությանը։ Միացյալ Նահանգները նախկինի պես հավատարիմ է մարդու իրավունքների եւ  հիմնական ազատությունների հարգման սկզբունքներին։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին պաշտպանել մարդու իրավունքները եւ իր քաղաքացիների, այդ թվում Գուբադ Իբադօղլուի հիմնական իրավունքները՝ Ադրբեջանի սահմանադրության եւ միջազգային պարտավորությունների համապատասխան»,- ընդգծել են ԱՄՆ դիվանագիտական առաքելությունում։

Իբադօղլուն կալանավորվել է հուլիսի 23-ի ցերեկը։ Երկուշաբթի նրան ներկայացվել է դրամանենգության մեղադրանք։ Անցած ամիս Իբադօղլուն, Ազգային խորհրդի ղեկավար, պրոֆեսոր Ջամիլ Հասանլին եւ Եվրոպայում քաղաքական վտարանդիության մեջ գտնվող շնորհազրկված դիվանագետ Արիֆ Մամեդովը միասին տեղեկացրել են Ադրբեջանցի երիտասարդության կրթության հիմնադրամի ստեղծման մասին, որը գրանցված է Լոնդոնում։ Իբադօղլուն հանդես է եկել արտասահմանում գտնվող ադրբեջանցի պաշտոնյաների գույքի բռնագանձման եւ այդ միջոցները ֆոնդին փոխանցելու նախաձեռնությամբ։