Հնագետները Գազայի հատվածում հռոմեական գերեզմանատան պեղումների ժամանակ հայտնաբերել են ավելի քան 125 դամբարան, ինչպես նաեւ 2 հազվագյուտ արճիճե սարկոֆագ։ Դամբարանների մեծ մասում, որոնք մոտ 2 հազար տարեկան են, գրեթե անվնաս պահպանվել են կմախքներ, երկուշաբթի տեղեկացրել է Reuters գործակալությունը։

«Առաջին անգամ Պաղեստինում  մենք հայտնաբերել ենք գերեզմանատուն 125 գերեզմաններով, եւ առաջին անգամ Գազայում հայտնաբերել ենք արճիճե 2 սարկոֆագ»,- նշել է Ֆրանսիական աստվածաշնչյան եւ հնագիտական դպրոցի փորձագետ Ֆադել Ալ-Աութուլը։

Ինչպես նշել է գործակալությունը, երկու սարկոֆագներից մեկը զարդարված է խաղողի վազի զարդանախշով, մյուսը՝ դելֆինների պատկերներով։

Գազայի տարածքը կարեւոր առեւտրային երթուղիների խաչմերուկ էր Հին Եգիպտոսի ժամանակներից, երբ այդ տարածքը բնակեցնում էին Աստվածաշնչում հիշատակվող փղշտացիները՝ մինչեւ Հռոմի կայսրությունն ու խաչակրաց արշավանքները։ Աշխարհի հնագույն քաղաքներից մեկը՝ Գազան, հազարամյակների պատմության ընթացքում  ենթարկվել է բազմաթիվ ամայացնող արշավանքների։

Հռոմեական գերեզմանատունը հայտնաբերվել է անցյալ տարի, սակայն տեղի հնագետները ստիպված էին փակել պեղումների վայրը ֆինանսավորման բացակայության պատճառով։ Դամբարանները հավուր պատշաճի հաջողվեց ուսումնասիրել միայն Ֆրանսիական աստվածաշնչյան եւ հնագիտական դպրոցի (Երուսաղեմ) մասնագետների օգնությամբ։