Մերիդայում աշխատող իսպանացի հնագետները հայտնաբերել են հիանալի պահպանված հին հռոմեական բաղնիք։ Օբյեկտը մոտ 2 հազար տարեկան է, այն գտել են այսպես կոչված ամֆիթատրոնի տանն (Casa del Anfiteatro) աշխատելիս, որն իր անվանումն ստացել է այն պատճառով, որ մոտ է հանրային հանդիսությունների անտիկ շինությանը։ Հետազոտողները նշել են, որ բաղնիքները զարդարում են խճանկարները, որմնանկարները, ծեփածո եւ մարմարե երեսապատումը։ Այս մասին տեղեկացվել է  Մերիդա քաղաքի կայքում։

Մերիդայի տարածքում անտիկ ժամանակաշրջանում եղել է Օգոստոս Էմերիթի (Augusta Emerita) հռոմեական գաղութը, որը հիմնադրվել է մ.թ.ա. 25թ. Հռոմի կայսր Օկտավիանոս Օգոստոսի կողմից եւ հետագայում դարձել Լուզիտանիա նահանգի մայրաքաղաքը։ Այսօր հին քաղաքի մնացորդները ներառված են ՅՈւՆԵՍԿՕ-ի Հաաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում։ Դրանք ներառում են անտիկ կամարակապ կամուրջը տաշած գրանիտից, որը կառուցվել է Տրայանոս կայսեր օրոք Գվադիանա գետի վրայով, ամֆիթատրոնը եւ թատրոնը, հանրային, ինժեներային եւ կրոնական շինությունները (օրինակ՝ Դիանայի տաճարը), ինչպես նաեւ մասնավոր տների մնացորդները եւ դամբարանային համալիրները։ Ամֆիթատրոնի տունը խոշոր հին հռոմեական մասնավոր կալվածք է, որը հայտնաբերվել է Մերիդայում։