Կլիմայի փոփոխություններով պայմանավորված անոմալ շոգը սպառնալիք է ներկայացնում տուրիզմի եվրոպական արդյունաբերության, առաջին հերթին՝ հարավային Եվրոպայի երկրների համար, տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։
Գործակալության գնահատականներով՝ կլիմայական փոփոխությունները կհարվածեն հարավային Եվրոպայի երկրներին, որոնց տնտեսական աճը զգալիորեն կախված է զբոսաշրջային սեկտորից։ Ռիսկի խմբում են հայտնվել, մասնավորապես, Հունաստանը, Իտալիան եւ Իսպանիան, որտեղ տուրիզմի արյունաբերության ավանդը համախառն ներքին արտադրանքում 2021թ. կազմել է 14,9, 9,1 եւ 8,5 տոկոս համապատասխանաբար։
Moody’s վարկանշային գործակալությունը ենթադրում է, որ անոմալ շոգը կարող է «երկար ժամանակով նվազեցնել հարավային Եվրոպայի գրավչությունը որպես զբոսաշրջային ուղղություն»։ Եվրոպական զբոսաշրջային հանձնաժողովի գործադիր տնօրեն Էդուարդո Սանտանդերի խոսքով՝ տուրիստները, շրջելով Եվրոպայում, ավելի հաճախ կսկսեն ընտրություն կատարել հօգուտ հյուսիսային ուղղությունների, ինչպես նաեւ կնախընտրեն հանգստանալ ձմռանը եւ գարնան, այլ ոչ թե ամռանը։ Այնուամենայնիվ, տուրիզմի հարավեվրոպական ինդուստրիան «հազիվ թե երկարաժամկետ կոմերցիոն որոշումներ կայացնի այս ամռան իրադարձությունների ֆոնին», գործակալությանն ասել է Եվրոպական զբոսաշրջային ասոցիացիայի գլխավոր գործադիր տնօրեն Թոմ Ջենքինսը։
Գործակալությունը հիշեցնում է, որ ջերմաստիճանն իտալական Սարդինիա կղզում անցած շաբաթ հասել է Ցելսիուսի 46 աստիճանի, արդյունքում՝ զբոսաշրջային սեզոնին սովորաբար մարդաշատ փողոցներն ամայացել են։ Ռեկորդային բարձր ջերմաստիճանները հանգեցրել են բջջային սարքերի աշխատանքի խափանման։
Հուլիսին անոմալ բարձր ջերմաստիճանների մասին տեղեկացրել են Իսպանիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի օդերեւութաբանական ծառայությունները։ Անգամ Մեծ Բրիտանիայում հուլիսի 19-ին ջերմաչափի սյունը ցույց է տվել Ցելսիուսի 40,2 աստիճան, ինչը նոր ռեկորդ է։ Իտալացի օդերեւութաբանների գնահատականներով՝ այս ամառը կարող է ամենաշոգը լինել դիտարկումների իրականացման ողջ պատմության ընթացքում։




























