Ճապոնիայի Օսակայի համալսարանի հետազոտողները լավ պահպանվաած հանածո անտառ են հայտնաբերել Կիսո գետի ափին՝ Նագոյայից հյուսիսարևելք։
Գիտնականների ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։
Առաջին անգամ անտառը նկատվել է 1994 թ․ ուժեղ երաշտի ժամանակ, երբ գետի ծանծաղանալու պատճառով մակերես էր բարձրացել մոտ 400 քարացած կոճղ։ Այնուհետև ծառերի մեծ մասը կրկին ջրի տակ էր անցել, սակայն գիտնականները կարողացել էին 137 կոճղ ուսումնասիրել։ Նմուշների մեծ մասը (130) նույնականացվել է որպես Wataria parvipora (հետագայում՝ վատարիա)։
Ուսումնասիրողների խոսքով, վատարիան հանածո ծառ է, որ ճանաչվում է հատկանշական տարեկան օղակներով, ֆունկցիոնալ բջիջների ճառագայթների առատությամբ և խեժի ուղիների բացակայությամբ։
Հոդվածի հեղինակները կարողացել են նաև ուսումնասիրել կոճղերի կողքին եղած տերևները։ Նմուշների ճնշող մեծամասնությունը վերաբերել է անծանոթ բուսատեսակի։ Այդ տերևի քարացուկները հայտնաբերվել են Եվրասիայի ամբողջ տարածքում, ենթադրվում է, որ դրանք վերաբերում են միոցենի և պլիոցենի դարաշրջաններին։
Միոցենը նեոգենյան ժամանակաշրջանի առաջին դարաշրջանն է, որը բնութագրվում է նրանով, որ Ֆաունան, կլիման և աշխարհագրությունն արդեն մոտ են ժամանակակից վիճակին։ Այն սկսվել է 23,03 մլն տարի առաջ և ավարտվել 5,333 մլն տարի առաջ՝ ընդգրկելով ժամանակաշրջանի 86%-ը։



























