Ուղիղ երկու տարի առաջ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում Ցյուրիխն էր, որտեղ ստորագրվեցին միջազգային միջնորդների օգնությամբ կազմած հայ-թուրքական արձանագրությունները: Երկու տարի անց ակնհայտ է, որ վերակենդանացնել առկախված գործընթացը կարող է միայն հրաշքը: Անկարան ու Երեւանն այսօր այնքան հեռու են հարաբերությունների կարգավորման հեռանկարից, որ արձանագրությունները կարող են դառնալ թանգարանային ցուցանմուշ:
Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այս հարցում միանշանակ է. Թուրքիան ի վիճակի չէ դրսեւորել բարի կամք եւ առաջ շարժվել:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հանրապետական կուսակցության խոհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ հռչակած «զրո հիմնախնդիր հարեւանների հետ» քաղաքականության փոխարեն Թուրքիան զրոյացնում է հարեւանների հետ բարեկաման հարաբերություններ հաստատելու շանսերը: Միաժամանակ նա չբացառեց, որ աշխարհաքաղաքական խաղացողների ճնշումներն Անկարայի վրա կմեծանան` օրինակ բերելով Երեւանում Նիկոլա Սարկոզիի արած հայտարարությունները Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության անհապաղ ճանաչման անհրաժեշտության մասին:
Հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի նոր գումարման խորհրդարանի մեծ օրակարգ վերադարձնելը Շարմազանովը համարում է պաշտոնական Անկարայի էժանագին մոտեցում:
«Թուրքիայի ղեկավարության եւ, առաջին հերթին, վարչապետ Էրդողանի հայտարարությունները շարունակում են պարունակել նախապայմաններ: Հայաստանն արդեն ձեռնարկել է համաչափ գործողություններ. սառեցրել է գործընթացը եւ հայտարարել է իր պարտականությունները կատարելու պատրաստակամության մասին, բայց դա կարվի միայն Թուրքիայի քայլերից հետո», - նշեց Շարմազանովը:
Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը` ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը», որոնք ի սկզբանե դեմ էին ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը շարունակում են պնդել փաստաթղթերից Երեւանի ստորագրության հետկանչի անհրաժեշտության վրա:
Գնահատելով նախորդ երկու տարիների արդյունքները` Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ մի շարք երկրներ Հայաստանի իշխանություններին սկսեցին համարել կայուն գործընկեր, սակայն «դրանից շահեց իշխանությունը, ոչ թե պետությունը».
Մանոյանի խոսքով, Հայաստանը ոչ մի ձեռքբերում չի ունեցել: Եղել են միայն կորուստներ: «Այս երկու տարիները վկայում են, որ իշխանությունները սխալ էին, երբ խոսում էին արձանագրություններն առանց նախապայմանների վավերացնելու անհրաժեշտության մասին: Այդ ամենն իրականություն չդարձավ: Ուզում եմ հիշեցնել, որ մենք դեմք են արձանագրություններին եւ կարծում ենք, որ Հայաստանը պետք է հետ կանչի ստորագրությունը», - հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչը:
Խոսելով հայ-թուրքական գործընթացի վերսկսման հեռանկարների մասին` Կիրո Մանոյանն ավելացրեց. «Մենք հույս չունենք, որ Թուրքիայի այսօրվա իշխող կուսակցությունը կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները եւ հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ առանց նախապայմանի: Մենք ուղղակի պետք է սպասենք Թուրքիայում նոր իշխանութան, որը պատրաստ կլինի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Երկու տարվա վաղեմության փորձը ցույց տվեց, որ Թուրքիայի այս իշխանությունն ի վիճակի չէ գնալ այդպիսի քայլի»:
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ երկու տարի առաջ Թուրքիան չհաշվարկեց իր ուժերն ու հնարավորությունները:
«Երբ պարզ դարձավ, որ Թուրքիան պատրաստ չէ առաջ քայլ անել` անհասկանալի դարձավ, թե ինչու է Անկարան սկսել այս գործընթացը: Ըստ ամենայնի, Անկարայում հույս ունեին, որ հայկական կողմը զիջումների կգնա Ցեղասպանության ճանաչման հարցում, ինչը, բնականաբար, տեղի չունեցավ: Թուրքիան նաեւ չէր սպասում խուճապային արձագանք Ադրբեջանի կողմից, որը փորձում էր աշխատել ուղղակիորեն Թուրքիայի իշխող կուսակցության դեմ եւ խաղալ թուրքական հասարակության տրամադրությունների վրա», - NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով, այժմ Թուրքիան ու Ադրբեջանը հասկանում են, որ հայ-թուրքական սահմանի բացումն ու Անկարա – Երեւան հարաբերությունների բարելավումը չեն կարող տեղի ունենալ Հայաստանի ազգային անվտանգության եւ ղարաբաղյան հարցի քաղաքական զարգացման հաշվին: Անկարան ու Բաքուն հասկացան, որ ղարաբաղյան հարցը Հայաստանի ազգային անվտանգության առաջնային հարցն է, եւ այդ պատճառով Երեւանը երբեք չի համաձայնի չարդարացված փոխզիջումների:
Փորձագետը կարծում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում առաջընթաց լինելու դեպքում Անկարան կարող է եւ փորձել վերսկսել հայ-թուրքական գործընթացը: Իսկ քանի դեռ այդպիսի գործընթաց չկա` Թուրքիան կսահմանափակվի ձեւական քայլերով:
Տեղին է նշել, որ նախորդ երկու տարիներին Թուրքիան ցուցադրեց, որ մնում է Ադրբեջանի ղեկավարության քաղաքականության պատանդը եւ ոչ մի կապ չունի տարածաշրջանի իրական դրության հետ: Նման շարունակության դեպքում Անկարան կարող է համակերպվել Բաքվի «ավագ եղբոր» կարգավիճակի հետ եւ ոչ թե հավակնել տարածաշրջանային գերտերության կարգավիճակի:




























