ԵՄ երկրները նախատեսում են մինչև տարեվերջ լրացուցիչ 45 մլրդ եվրո հատկացնել Ուկրաինային։ Այդ մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է եվրոպական Politico պարբերականը։

Ըստ հրապարակման՝ նոր վարկը կտրամադրվի 2027 թվականին Ուկրաինայի ֆինանսական կարիքները հոգալու նպատակով։ ԵՄ-ն նաև ձգտում է այս ծրագրի շուրջ ապահովել Կանադայի և Մեծ Բրիտանիայի ավելի մեծ աջակցությունը։

Մյուս կողմից՝ պարբերականը նշում է, որ այս որոշումը, ամենայն հավանականությամբ, կխորացնի եվրոպական երկրների միջև լարվածությունը, հատկապես՝ միության նոր յոթնամյա բյուջեի ընդունման շուրջ ընթացող բանակցությունների ֆոնին։ «Քաղաքական տեսանկյունից հեշտ չի լինի բացատրել, թե ինչպես ենք միջոցներ գտել Ուկրաինայի համար, բայց միևնույն ժամանակ ստիպված ենք եղել լայնածավալ կրճատումների գնալ հենց եվրոպացիներին ուղղված ԵՄ ծրագրերում», — ասել է պարբերականի զրուցակիցը։

Բացի այդ, Չեխիայի և Սլովակիայի ներկայացուցիչները Եվրոպական խորհրդի նիստում արդեն իսկ հայտարարել են, որ չեն պատրաստվում մասնակցել վարկի տրամադրմանը։ Անանուն դիվանագետների խոսքով՝ նրանց կմիանա նաև Հունգարիան։