ԱՄՆ-ը 345 միլիոն դոլարի ռազմական օգնություն է ուղարկել Թայվան. Օգնության նոր փաթեթը կոչված է օգնելու կղզուն դիմակայել Չինաստանի հնարավոր «ներխուժմանը»:
Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ի զենքի առկա պաշարների կրճատման շրջանակում Թայվան ուղարկվող օգնությունը կներառի «Պաշտպանության նախարարության պաշտպանակյան ապրանքներ և ծառայություններ, ինչպես նաև զինվորականների կրթություն և մարզում»:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը շեշտել է օգնության այս փաթեթում ներառված զենքերի և համակարգերի պաշտպանական բնույթը, և որ դրանք չպետք է դիտվեն որպես սադրանք, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ Պենտագոնի խոսնակ Մարտին Մայներսը նշել է, որ փաթեթը «ներառում է ինքնապաշտպանական հնարավորություններ, որոնք Թայվանը կարող է օգտագործել որպես զսպող միջոցներ այժմ և ապագայում»:
Նրա խոսքով՝ զենքերի թվում, որոնք ԱՄՆ-ը կփոխանցի Թայվանին, կան «կրիտիկական պաշտպանական պաշարներ, հակատանկային զենքեր և հակաօդային պաշտպանության միջոցներ»։
Մայներսը նաև ասել է, որ Թայվանի օգնության փաթեթը չի ազդի Ուկրաինային ԱՄՆ ներկայիս օգնության վրա:
Որոշ լրատվամիջոցներ, վկայակոչելով ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունների անանուն ներկայացուցիչներինն, հայտնում են, որ օգնության փաթեթը ներառում է նաև MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքեր։ Թայվանը նախկինում արդեն իսկ ԱՄՆ-ից գնել էր MQ-9 անօդաչու սարքեր:
Պենտագոնի պաշտոնյաներն ասել են, որ իրենք «արագորեն աշխատում են» համակարգերը մատակարարելու համար:





























