Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները հանդիպել են անվանի գրող, հրապարակախոս, կինոդրամատուրգ, ականավոր լրագրող Կիմ Բակշիի հետ: Գրողն այս անգամ Հայաստանում էր ռուսաց լեզվի օրերի շրջանակներում:
Կիմ Բակշին իր մասնագիտական գործունեության մեծ մասը նվիրել է Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմագիտական անցյալի ուսումնասիրմանը: Հատկապես հայտնի է նրա եւ Հովիկ Հախվերդյանի «Մատենադարան» ֆիլմաշարը, որը յուրօրինակ հանրագիտարան է Հայաստանի եւ հայերի մասին:
Կիմ Բակշին վեց գիրք է հեղինակել Հայաստանի մասին եւ այժմ տպագրության է պատրաստում յոթերորդը` «98 աստիճաններ» վերնագրով, որը խորհրդանշում է Մատենադարան տանող 98 աստիճանները:
Ուսանողների հետ հանդիպման ժամանակ նա ներկայացրել է իր պատմագիտական ուսումնասիրությունները կապված հայ ժողովրդի անցյալի հետ` համեմելով հետաքրքիր պատմություններով:
«Սերը բացատրություն չի պահանջում, ես սիրեցի Հայաստանը եւ հայերին ու այդ սերը Հայաստանի հանդեպ ինձ մղեց գրքեր գրել ձեր հրաշալի երկրի մասին»,- ասել է Կիմ Բակշին:
ՀՊՄՀ գիտության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը` համալսարանի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի անունից Կիմ Բակշիին պարգեւատրել է «Մանկավարժական համալսարան» մեդալով` հայ ժողովրդի եւ մշակութային ժառանգության քարոզման գործում գրողի անգնահատելի ներդրման համար:




























