Իշխանությունն անընդունելի է համարում Հայ ազգային կոնգրեսի առաջ քաշած պահանջը` նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ եւ այդ հարցի շուրջ չի երկխոսի նրա հետ: Այդ մասին, հոկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային Ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

«Եթե խնդիրը դա պիտի դրվի, դրա շուրջ երկխոսություն լինել չի կարող: Դա չի բխում մեր կուսակցության շահերից, դա չի բխում նաեւ մեր ժողովրդի շահերից»,- նշել է պատգամավորը:

Մինասյանի կարծիքով, ՀԱԿ նստացույցերը ցույց տվեցին, որ Հայաստանում ժողովրդավարությունն իրականանում է իր բոլոր դրսեւորումներով, եւ պետությունը չի արգելում նստացույցները: «Ոստիկանությունն էլ չխոչընդոտեց նստացույցին»,- նշեց Մինասյանը:

Դիտարկմանը, թե ոստիկանությունը փակել էր ճանապարհները եւ արգելում էր մարդկանց մուտքը Երեւան, հանրապետական պատգամավորը պատասխանեց. «Ամենաիրազեկվածը Ալիկ Սարգսյանն էր, եթե կարդաք իր հարցազրույցները կտեսնեք, որ նման բան չի եղել»: Երբ լրագրողները պնդեցին այդ փաստը, Մկրտիչ Մինասյանը նկատեց. «Ինքս անձամբ տեղյակ չեմ, քանի որ 8 օր Երեւանից դուրս չեմ եկել: Ես պիտի ընդունեմ այն գնահատականը, որ տրվում է իրազեկ մարդու կողմից: Բացառում եմ, որ Ալիկ Սարգսյանը ստել է»: