Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 10-ին, ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ավետիսյանի մահվան կապակցությամբ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Ժիրայր Ավետիսյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին եւ աշակերտներին ուղղված Հանրապետության ղեկավարի ցավակցական հեռագրում ասված է.
«Անուրանալի է նրա ավանդը մեր ազգային հեռուստատեսության հիմնադրման ու զարգացման գործում: Ժիրայր Ավետիսյանի մասնակցությամբ ստեղծված կինո եւ հեռուստատեսային ֆիլմերը վայելել են լայն ժողովրդականություն, իսկ նրա երկարամյա մանկավարժական աշխատանքի շնորհիվ դաստիարակվել են Հայաստանին այդ ոլորտում անհրաժեշտ մասնագետների սերունդներ»:
Նշենք, որ Ժիրայր Ավետիսյանը ծնվել է 1927թ-ին Էջմիածնում: 1947թ-ի ավարտել է Երեւանի մանկավարժական ինստիտուտը, իսկ 1953թ-ին` Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1956 թ-ից եղել է հայկական հեռուստատեսության եւ «Երեւան» ստուդիայի ռեժիսորը: Ավետիսյանը 36 փաստագրական եւ գեղարվեստական ֆիլմերի հեղինակ է: Նրա ջանքերով են կայացել Հայաստանում առաջին հեռուստաեթերն ու առաջին հեռուստահաղորդումը:




























