Կիսահաղորդչային շուկայի համաշխարհաին առաջատար Synopsys Inc ընկերությունն ունի տարեկան 1.5 մլրդ դոլար շրջանառություն եւ 6 հազարից ավելի աշխատակից: Synopsys Inc-ի աշխատակիցների 8-9 տոկոսը եւ գիտահետազոտական պոտենցիալի մոտ 10 տոկոսը կենտրոնացած են Հայաստանում: Այդ մասին հայտարարեց Synopsys Inc-ի նախագահ եւ գլխավոր գործառնական տնօրեն, դոկտոր Չի-Ֆուն Չանը, ելույթ ունենալով Երեւանում անցկացվող «ԱրմԹեք Կոնգրես 2011» համաժողովում:

Նրա խոսքով` Synopsys-ը Հայաստանում ՏՏ ոլորտի ամենամեծ գործատուն է (ունի 530 աշխատակից), ունի ամենամեծ վարչական շենքը, ստեղծել է կրթական կորպուս, որն ի վիճակի է ընդունել 100-ից ավելի ուսանողների:

Ու թեեւ այսպիսի պատկառելի ներկայությանը` Synopsys Inc-ը Հայաստանում չունի ոչ մի պատվիրատու: Ըստ Չի-Ֆուն Չանի, եթե Հայաստանի ՏՏ ոլորտն այնպիսի աճ ունենա, որը թույլ կտա Հայաստան բերել հաճախորդների, ապա դա արդեն լուրջ հաջողություն կլինի:

Synopsys Inc-ի նախագահն ասաց նաեւ, որ մեծ կարեւորություն են տալիս համալսարաններին: Մասնավորապես` Synopsys Inc-ը աշխարհում համագործակցում է 1000-ից ավելի համալսարանների հետ: «Համալսարանը բարձր տեխնոլոգիաների աորտան է: Այլեւս չիպերի նախագծմամբ չենք զբաղվում, մեզ պետք են երիտասարդ մասնագետներ, որոնք սեփական նախագծեր կառաջադրեն: Եթե համալսարաններին չօգնենք, ապա նրանք մեզ չեն օգնի»,- ասաց Չի-Ֆուն Չանը: