Անօրինական ծառահատումները բնակչության սոցիալտնտեսական վատ պայմանների հետեւանք են, ու, չնայած օրենքով պատժելիության հանգամանքին, Լոռիի մարզի անտառներում շարունակվում են ապօրինի հատումները:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի կողմից 2011թ.  ընթացքում հայտնաբերվել են 390 հատված ծառեր, եւս 120-ը գրանցվել է բնապահպանության տեսչության, եւ 59-ը` ոստիկանության կողմից: Ընդհանուր առմամբ, 569 ապօրինի անտառհատումների դեպքերը մինչեւ հոկտեմբերի 1-ը արձանագրված տվյալներն են եւ բավականին լուրջ վնաս են հասցրել Լոռիի մարզի անտառներին: Այս տարվա ցուցանիշը գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված թվին»,- նշում է «Գուգարքի անտառտնտեսություն» ընկերության հաշվապահ Համլետ Սահակյանը, եւ հավելել, որ 2010 թվականի ընթացքում, ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 407 հատված ծառեր: Ամենախոցելին Եղեգնուտ, Վահագնի, Փամբակ շրջաններն են:

Անտառտնտեսությունները անօրինական ծառահատումները կանխել չեն կարող, քանի որ անտառամերձ շրջանների բնակչության համար փայտն արդեն ծառայում է ոչ այնքան որպես վառելիք, որքան որպես ապրուստի սեզոնային, բայց բավականին լավ ու եկամտաբեր միջոց: «Պատկերացրեք ինչքան անտառամերձ տներ կան, էդ բոլոր մարդիկ անտառի միջոցով են ապրում, ինչքան էլ արգելենք անտառ մտնել, ամեն անտառում ընդամենը մի անտառապահ ունենք, էն էլ ոչ ձի ունի, ոչ կարգին զենք, էդքան տարածքը հսկել հնարավոր չէ»,-ասել է Հ. Սահակյանը:

Նշենք նաեւ, որ վառելափայտի շուկայում 1 խմ-ը վաճառվում է միջինը 12 հազար դրամով, մինչդեռ անտառից, օրինական կերպով թափուկ փայտ հավաքելու թույտվությունը նույն այդ 1 խմ-ի համար արժե 1200 դրամ: