Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի գոտում այսօր` հոկտեմբերի 11-ին, ժամը 13.20-ի դրությամբ, իրականացվող որոնողական աշխատանքներին են միացել եւս 5 փրկարար Տավուշի մարզից եւ 18 փրկարար` ՀՓԾ փրկարարական ուժերի վարչությունից:
Ընդհանուր առմամբ` սողանքի գոտում աշխատում է 159 փրկարար:
Ինժեներական տեխնիկայից ավելացել է 1 էքսկավատոր:
Տեղում շարունակում է գործել ՀՀ ԱԻՆ օպերատիվ խումբը:
Նշենք, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 10.28-ին, հողազանգվածից դուրս են բերել անհետ կորածների ցուցակում նշվող Երեւանի բնակիչներ, Սորսումատյան եղբայրների` «Մերսեդես C 220» մակնիշի 27 ՕՍ 939 համարանիշի սեւ մարդատար ավտոմեքենան, որում հայտնաբերվել են 38-ամյա Արմեն եւ 47-ամյա Մեխակ Սորսումատյան եղբայրների դիերը:
Այսօր առավոտյան, հողազնագվածից դուրս է բերվել եւս մեկ` Լճկաձոր գյուղի բնակիչ, 72-ամյա Նորիկ Միրզոյանի դին:
Ինչպես NEWS.am–ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում, այս պահին որոնողափրկարարկան աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:
Հողազանգվածի տակ է մնացել տարբեր մակնիշի եւ բեռնատարողության շուրջ 35 ավտոմեքենա: Այս պահին անհայտ կորած է համարվում 2 մարդ՝ Վրաստանի քաղաքացի, 19-ամյա Արթուր Գուգենի Հակոբյանը եւ Վրաստանի քաղաքացի, 62-ամյա Գուրգեն Մովսեսի Հակոբյանը: Հողազնագվածից դուրս է բերվել 26 ավտոմեքենա:



























