Ծաղկաձորում մեկնարկել է Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից կազմակերպած «Պետական եւ մասնավոր համակարգերում դատական ակտերի հարկադիր կատարման արդի խնդիրներն ու հեռանկարները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովին ներկա են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Վարչապետն իր խոսքում նշել է. «Մեզ համար հետաքրքիր է ուսումնասիրել միջազգային փորձը, մասնավորապես, մասնավոր հարկադիր կատարողի ինստիտուտի ներդրման առումով: Գիտենք, որ կան երկրներ, որտեղ այս մեխանիզմն արդյունավետ կերպով է կիրառվում՝ չնայած պետական հարկադիր կատարման ինստիտուտի առկայությանը»: 

Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ մեր երկրի ԴԱՀԿ համակարգում ներդրվել է էլեկտրոնային մեխանիզմ՝ աճուրդներն այս եղանակով կազմակերպելու նպատակով: «Կարծում ենք՝  այդ եղանակի ներդրումը ԴԱՀԿ-ի  գործունեությունը դարձնում է առավել թափանցիկ, որով բարձրանում է նաեւ մեր քաղաքացիների վստահությունը վերջինիս նկատմամբ: Պետք է խոստովանել նաեւ, որ դեռեւս էլեկտրոնային եղանակով գործառույթների ծավալները մեծ չեն եւ դա պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ  Հայաստանում հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բուռն զարգացումներ տեղի են ունենում միայն վերջին հինգ տարիների ընթացքում, ինչի արդյունքում ինտերնետից օգտվողների քանակն սկսել է կտրուկ աճել: Եթե 2008-ին ունեինք ընդամենը 45 հազար ինտենետից օգտվող, ապա  այդ թիվն այսօր հասնում է 341 հազարի: Սա մեզ հնարավորություն է տալիս նաեւ ԴԱՀԿ-ի բնագավառում կիրառել ժամանակակից մոտեցումներ եւ նրա գործունեությունը դարձնել ավելի թափանցիկ»:

Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ այս գիտաժողովը հնարավորություն կտա գտնել լուծումներ, որոնք կնպաստեն բացահայտել նոր գործիքներ եւ օրենսդրական մեխանիզմներ՝ ԴԱՀԿ-ի աշխատանանքերի արդյունավետության բարձրացման նպատակով:

Համաժողովին մասնակցում են Հայաստանի, Բելգիայի, Չեխիայի, Բուլղարիայի, Բելառուսի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Իսրայելի, Վրաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Շվեդիայի, Ուկրաինայի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԴԱՀԿ ծառայության ներկայացուցիչներ: