Աթենքում, հոկտեմբերի 10-ին եւ 11-ին, տեղի են ունեցել նորվեգացի ականավոր հումանիստ, բեւեռախույզ, գիտնական, դիվանագետ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնք անցկացվել են Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի բարձր հովանու ներքո:

Հոկտեմբերի 10-ին Աթենքի ակադեմիայում կայացել է գիտաժողով, որը նվիրված էր 1922-24թթ. հույն գաղթականների խնդիրների լուծման եւ հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ Նանսենի ծավալած գործունեությանը: Գիտաժողովը կազմակերպել էր Հունաստանի Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնը Հունաստանում Նորվեգիայի եւ Հայաստանի դեսպանությունների, նորվեգական ինստիտուտի եւ փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի աթենքյան գրասենյակի հետ համագործակցությամբ:

Ելույթ ունեցողները բարձր են գնահատել Ազգերի լիգայի` փախստականների հարցերով առաջին հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենի գործունեությունը, նրա անխոնջ նվիրումը ինչպես հույն, այնպես էլ ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականների իրավունքների պաշտպանության, նրանց նանսենյան անձնագրեր տրամադրելու, համաշխարհային հանրության ուշադրությունը նրանց հոգսերի ու խնդիրների վրա սեւեռելու գործում: Անդրադարձներ են եղել նաեւ նորվեգացու դիվանագիտական, գիտական, մարզական եւ այլ գործունեությանը:

Հոկտեմբերի 11-ին, Աթենքի կենտրոնական թաղամասերից մեկում տեղի է ունեցել Նանսենի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: Կիսանդրին տեղադրվել է նույն պուրակում գտնվող հայկական խաչքար-հուշակոթողի անմիջական հարեւանությամբ: 

Միջոցառումներին մասնակցել են Հունաստանում ՀՀ դեսպանության եւ հունահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները: