«ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը եւ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում են համատեղ ահազանգերի շարք հնչեցնել` «Բնությո՞ւն, թե՞ փող» ընդհանուր խորագրով:

Երկու կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Ըստ հավաստի աղբյուրների, չնայած բնապահպանության նախարարության բազմաթիվ հավաստիացումների, որ նման բան չի լինի, Թռչկանի ջրվեժի մոտ երեկ ծանր տեխնիկա է բերվել: Թեեւ շինարարական աշխատանքները դեռ չեն սկսվել, սակայն տեխնիկայի տեղակայումը դրա նախանշանն է:

Փաստացի, չի կատարվում բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարականը շինարարական աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ:

«ԷկոԼուր»-ը եւ «Չենք լռելու»-ն պահանջում են բնապահպանության նախարարությունից սկզբունքայնություն եւ հետեւղականություն դրսեւորել սեփական գործողություններում եւ ետ կանչել նախարարի կողմից ստորագրած` Թռչկանի վրա ՀԷԿ-ի կառուցման դրական եզրակացությունը եւ թույլտվությունը: Այդ փաստաթղթերը, անօրինական լինելուց զատ, հակասության մեջ են մտնում են նախարարի կողմից ստորագրած մեկ այլ փաստաթղթի` շինարարական աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ հանձնարարականի հետ:

Հակառակ դեպքում, մենք հարկադրված կլինենք ընկալել նախարարի բոլոր փարատող հայտարարությունները այս խնդրի վերաբերյալ որպես շեղող միջոց, երբ դանդաղ, բայց հաստատուն քայլերով ոչնչանում է հատուկ պահպանության գոտին` Թռչկանի ջրվեժը»: