Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի վրաստանյան այցելությունը պատմական է համարում, եւ հայտարարում է, որ Վրաստանը ի դեմս Ֆրանսիայի եւս մեկ կայուն եւ սրտակից ընկեր է ձեռք բերել: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Նախագահի մամուլի խոսնակի խոսքով, այն հարյուր հազարավոր Վրաստանի քաղաքացիները, որոնք հոկտեմբերի 7-ին հավաքվել էին Թբիլիսիի Ազատության հրապարակում, Ֆրանսիայի նախագահից ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:
«Նման մակարդակի առաջնորդն առաջին անգամ հանրության առջեւ աջակցեց ոչ միայն Վրաստանի տարածքային ամբողջականությանը, այլեւ Վրաստանի` ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի անդամակցությանը»,- նշել է նախագահական աշխատակազմի անդամը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Վրաստան է ժամանել հոկտեմբերի 7-ին, Երեւանից, Հարավային Կովկաս այցելությունների շրջանակներում:




























