Ոստիկանությունը հերքում է տարածված լուրերը, թե ՀՀ քաղաքացիներին նոր անձնագրերի տրամադրման գործընթացը կասեցված է:
«Հայաստանում անձնագրի բլանկների պակաս չկա եւ անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար ՀՀ քաղաքացիները կարող են դիմել ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններ»,-այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից` մեկնաբանելով վերջին շրջանում տարածված լուրերը, թե անձնագրային ծառայություններում քաղաքացիներին նոր անձնագրեր չեն տրամադրվում: Հիշեցնենք, որ «Խոսքի իրավունք» միավորումը ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ ասում էր, որ քաղաքացիներին չեն տրամադրում նոր անձնագրեր: Նրանց պնդումով` այդ գործընթացը այս պահին Հայաստանում կասեցված է:
Նշենք, որ Հայաստանի կառավարության 1998 թ. դեկտեմբերի 25-ի «ՀՀ-ում անձնագրային համակարգի կանոնադրությունը եւ ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» թիվ 821 որոշմամբ հաստատված կանոնադրության 15.1-րդ կետի համաձայն՝ ոստիկանությունը ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի հիման վրա անձնագիր կարող է տալ կամ փոխանակել ավելի կարճ ժամկետներում: Կառավարության 11.12.2008 թ. թիվ 1465-Ն որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացիները իրենց ցանկությամբ, բացի սահմանված պետական տուրքից (1000 դրամ), հավելյալ վճարումներ կատարելու դեպքում անձնագիր կարող են ստանալ կամ փոխանակել ավելի կարճ ժամկետներում` ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում եւ տարածքային անձնագրային՝ ծառայություններում:




























