Հայ ժողովրդի հոգեւոր ժառանգությանը ծանոթանալու համար Հայաստան են ժամանել Գերմանիայի «Հերման Էհլերս» քաղաքական հիմնադրամի ներկայացուցիչները: Պատվիրակության կազմում ընդգրկված են Գերմանիայի Շլեսվիգ-Հոլշտայն նահանգի մի խումբ պետական գործիչներ, համալսարանի պրոֆեսորներ եւ դպրոցների տնօրեններ:
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 10-ին, նրանք այցելել են Մայր աթոռ սուրբ Էջմիածին: Այստեղ Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը նրանց հանգամանորեն ներկայացրել է Հայոց Եկեղեցու պատմությունն ու ավանդությունները: Նա մասնավոր անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության տարիներին եւ Խորհրդային իշխանության շրջանին Հայ Եկեղեցու կրած դժվարություններին եւ այսօր հայ ժողովրդի կյանքում հոգեւոր առաքելությունը լիարժեք իրականացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
Ի պատասխան պատվիրակության անդամների հարցումների` Սրբազանը նաեւ անդրադարձել է Հայոց Եկեղեցու հարաբերություններին Քրիստոնեական այլ Եկեղեցիների հետ:




























