Գյումրիում, այսօր` հոկտեմբերի 12-ին, 500 տպաքանակով լույս է տեսել «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի պաշտոնական առաջին համարը երկու մամուլ ծավալով: Անցած 5 օրերին լույս էին տեսել թերթի փորձնական հինգ համարները, որոնք անվճար բաժանվել են գյումրեցիներին:

Օրաթերթի հիմնադիրը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն է: Թերթի նյութերը մասնակի կամ ամբողջությամբ տեղադրվում է ակումբի www.asparez.am կայքում:

«Հիմա, երբ 20 տարվա ընդմիջումից հետո Հայաստանի մարզերում լույս է տեսնում առաջին օրաթերթը, ավելի քան հստակ տեսնում ենք մեր ազատությունների, պետության, քաղաքի եւ թերթի դեմ եղած մարտահրավերները, ամենայն լրջությամբ ենք անում այս ծանր, դժվար եւ պատասխանատու քայլը, պիտի անենք այնպես, որ քաղաքի մասը դառնա այս թերթը, ինչպես «Չուլոշնու» ժամացույցը, երկրաշարժերի հիշողությունները, Պլպլան ժամը, Բոշի սադն, Ձիթողցոնց տունն ու մեծերը, որ մերն են: Թերթի գործում ներդնելու ենք այս գործի այն լավագույն ավանդույթներն` ինչ ունենք. «Ախուրյան», «Արագած», «Ասպարեզ», «Նոր կյանք», «Ալեքսանդրապոլի լրաբեր», «Մանածագործ», «Բանվոր-Կումայրի», «Շիրակ», «Հինգշաբթի» «Շանթ», «Շրջապատ», հայաստանյան, հայկական եւ համաշխարհային փորձը»,-ասված է թերթի առաջին համարի խմբագրականում: 

Օրաթերթի առաջին համարի շնորհանդեսը կայանալու է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի Խոսքի ազատության սրահում, ժամը 14-ին: Ինտերնետում հընթացս հետեւելու համար` www.asparez.am:

Թերթի գլխավոր խմբագիր Լեւոն Բարսեղյանի խոսքով, թերթի թիրախները քաղաքային օրաթերթ լինելն է, բազմակարծության ապահովումը եւ քաղաքացիական հասարակության արտահայտման այլընտրանքային միջոց դառնալը:

«Բաց հասարակություններ հիմնադրամներ-Հայաստան»-ի օժանդակությունը թերթի զարգացման ծրագրին կազմում է մոտ 22,5 մլն դրամ` մեկ տարվա համար:

Թերթի եւ տպագրատան հիմնադրման գործում Ակումբի հիմնադիրների անձնական ֆինանսական եւ ոչ ֆինանսական միանվագ ներդրումը կազմում է մոտ 26 մլն դրամ, տարեկան ներդրումը մոտ 8 մլն դրամ: