Գյումրիում այսօր` հոկտեմբերի 12-ին, երիտասարդները «Ոչ գնաճին» խորագրով բողոքի երթ են անցկացրել, որին մասնակցել են շուրջ 3 տասնյակ երիտասարդներ Գյումրում գործող տարբեր ՀԿ-ներից: Միջոցառումը նախաձեռնել է «Օքսֆամ» կազմակերպությունը, որը համաշխարհային ակցիա է անցկացնում աշխարհում՝ «Աշխարհը տեսնենք առանց սովի» խորագրի ներքո: Գյումրիում ակցիան նշանավոր է  եղել նրանով, որ սա ըստ էության երիտասարդական առաջին բողոքի երթ էր Գյումրիում, որին խանդավառությամբ են մասնակցել երիտասարդները: Որպես կանոն` Գյումրիում 18-25 տարեկանները պասիվություն են ցուցաբերում ոչ միայն քաղաքական, այլեւ սոցիալ-տնտեսական հարցերում: Այսօր սակայն երիտասարդներն ակտիվորեն բողոքել են, որ այլես հնարավոր չէ, գնաճը աններելի է եւ անելու են ամեն ինչ Հայաստանում գնաճի դեմ պայքարելու համար:

Նրանց երթին միացել են գյումրեցիներ, մասնակցել իրենց ստորագրություններով: Գյումրիում քաղաքացիները, մասնավորապես երիտասարդները հեռու են իրենց բողոքի կամ դժգոհության ձայնը մասսայական արտահայտելուց: Սակայն այսօր երիտասարդները, որոնք ներկայացնում էին մի քանի ՀԿ-ներ,  ավելի քան պատրաստակամ են եղել: Նրանց ակցիան ընդհանուր իմաստով կրել է «Մեր երկիրը առանց սովի» խորագիրը: