ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ուսանողները, մեկ տարի ժամկետով, ժամանել են Քուվեյթ, այդ երկրի համալսարանում արաբերենի ուսուցման եւ կատարելագործման դասընթացներ անցնելու նպատակով:

Քուվեյթում ՀՀ դեսպանությունում կայացած հանդիպման ժամանակ ուսանողները համապարփակ տեղեկատվություն են ստացել երկրի առանձնահատկությունների եւ  ուսուցման համակարգի մասին, ծանոթացել դեսպանության գործունեությանը:   

Այսուհետ ԵՊՀ  ուսանողներն ամեն տարի  կարող են ուսուցման հատուկ ծրագրերի, արհեստավարժ մասնագետների  եւ յուրահատուկ մեթոդաբանության շնորհիվ զարգացնել արաբերենի, պատմության եւ գրականության բնագավառի իրենց գիտելիքները Քուվեյթի համալսարանում: Սա Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ գիտակրթական ոլորտում արձանագրված առաջին միջպետական բնույթի լուրջ ձեռքբերումն է: Երկու ԲՈՒՀ-երի միջեւ մոտ ապագայում կյանքի կկոչվեն նաեւ պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակման եւ համատեղ գիտակրթական փորձերի իրականացման  մի շարք նախագծեր: