Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 12-ին, ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւների արժանացած ուսանողներին ու աշակերտներին, ովքեր նախագահից ստացել են տարբեր անվանակարգերում շնորհված իրենց պարգեւները:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ պարգեւատրված 38 երիտասարդներից 23-ը տարբեր բուհերի ուսանողներ են, 15-ը՝ տեխնիկական ուղղվածությամբ կրթօջախների աշակերտներ: Պարգեւները շնորհվում են բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են սոցիալական ծրագրերին, տարբեր օլիմպիադաների եւ մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ ու այլ տաղանդներ:

Հաղթողների համար սահմանվել են «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի կողմից հովանավորվող հետեւյալ անվանակարգերն ու մրցանակները` գլխավոր մրցանակ, լավագույն ասպիրանտ, լավագույն մագիստրանտ, լավագույն բակալավր, լավագույն սփյուռքահայ մասնակից, լավագույն ուսանողուհի, լավագույն աշակերտ: Վկայականների հետ միասին հաղթողները ստացան ՏՏ ոլորտը խորհրդանշող հատուկ կրթական նախագահական հուշխորհրդանիշ-արձանիկներ:

Սերժ Սարգսյանը իր ողջույնի խոսքում նշել է, որ ՏՏ ոլորտում այս մրցանակաբաշխությունը դարձել է արդեն ավանդական եւ անգամ կարող է տպավորություն ստեղծվել, որ այն միշտ էլ եղել է: «Ես վստահ եմ, որ ապագայում մրցանակաբաշխությունը լինելու է շարունակական, քանի որ այս բնագավառը մեր երկրի զարգացման հեռանկարային ուղղություններից է: Եթե այլ երկրներում ձգտում են արդյունահանել իրենց ընդերքի հարստությունը, ապա մենք ստիպված ենք եւ պիտի պեղենք մեր տաղանդները, ապավինենք մեր ուղեղներին»,- ասել է նա:

Ըստ Ս.Սարգսյանի` Հայաստանի բարեկեցությունը պետք է կառուցել ստեղծագործական աշխատանքով, քանի որ օգտակար հանածոները մի օր վերջանալու են. դրա օրինակները բազմաթիվ են, կան համաշխարհային պատմության մեջ շատ այդպիսի օրինակներ: Նրա խոսքերով` փորձը ցույց է տալիս, որ մարդու ստեղծագործական ունակությունները ուղղակի անսահմանափակ են: Նախագահը նկատեց, որ այսօր շուրջ 350 ընկերություններով եւ հազարավոր միջազգային որակի մասնագետներով տեղեկատվական եւ թվային տեխնալոգիաների բնագավառը Հայաստանի արդյունաբերության ամենաբարձր հավելյալ արժեք ստեղծող եւ ամենաարագ զարգացող ճյուղն է. աճը տարեկան կազմում է շուրջ 25 տոկոս:

«Զարգացման այս տեմպը պահպանելու նպատակով մենք խրախուսել եւ խրախուսելու ենք Հայաստանի երիտասարդության հետաքրքրությունը տեղեկատվական տեխնալոգիաների հանդեպ: Մեր խնդիրն է, որ Հայաստանի երիտասարդները եւ նրանց միավորող ընկերությունները զբաղեցնեն ամենաառաջավոր դիրքերը համաշխարհային շուկայում: Վստահ եմ, որ այս բնագավառի երիտասարդ մասնագետները երբեք չեն բախվելու աշխատանքային զբաղվածության խնդրին»,- ընդգծել է Ս.Սարգսյանը: