Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 12-ին, ընդունել է Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից անցկացված ստեղծագործական եւ գիտական աշխատանքների մրցանակաբաշխության հաղթողներին եւ համապատասխան գիտական ու ստեղծագործական կազմակերպությունների ղեկավարներին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին նախագահականի մամուլի գրասենյակից:
Նրանց փոխանցմամբ` հանդիպմանը ներկա են եղել Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին եւ գնահատելի համարել Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից իրականացվող աշխատանքը: Հանրապետության ղեկավարը կարեւորել է, որ անցկացվող մրցանակաբաշխությունը շարունակական է եւ միտում ունի ընդլայնվելու, քանի որ, ըստ նախագահի, կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ դեռեւս դրա անհրաժեշտությունը կա: Սերժ Սարգսյանն ընդգծել է հատկապես հայագիտության բնագավառը, նաեւ՝ լավագույն սպա, լավագույն զինվոր մրցանակի սահմանմամբ բանակում անցկացվող մրցանակաբաշխությունը: «Վստահ եմ, որ լավագույններից մեկը կստանա այդ պարգեւը, եթե կուզեք` այդ կոչումը, եւ դա չափազանց կարեւոր է:
Կարեւոր եմ համարում նաեւ Համահայկական համաժողովի ժամանակ պարոն Արա Աբրահամյանի առաջարկը՝ ստեղծել համահայկական տնտեսական համաժողով: Եթե մեզ հաջողվի, իրոք, կայացնել այդ համաժողովը, ապա վստահ եմ, որ արդյունքում ունենալու ենք տնտեսապես շահավետ կապեր, որոնք օգտակար են լինելու եւ´ այդ մարդկանց, եւ´ մեր երկրի ու ժողովրդի համար: Որպես իշխանություններ` մենք պատրաստ ենք մեր անելիքն անել»,-ասել է նախագահ Սարգսյանը: «Երիտասարդությանը ոգեւորել, խրախուսել է պետք, եւ մենք շատ ավելի շոշափելի արդյունքներ կարող ենք ունենալ: Այստեղ էլ, եթե անհրաժեշտ է ջանքերի համադրում` մենք պետականորեն պատրաստ ենք դրան»,-ասել է հանրապետության ղեկավարը:



























