Վերջին երեք օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում մահացել է երկու ժամկետային զինծառայող, եւ երկուսն էլ, պաշտոնական վարկածով, ինքնասպանություն են գործել: Մահացած երկու զինվորներն էլ Արարատի մարզի նույն` Խարբերդ գյուղի բնակիչներ են:

NEWS.am-ի աղբյուրը հայտնեց, որ երկրորդ դեպքը տեղի է ունեցել Մատաղիսի զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ: Իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 19-ամյա Յուրիկ Գեւորգի Ներսիսյանը: Նախնական տեղեկություններով, նա հրազենային վնասվածք է ստացել դնչի հատվածում: Աղբյուրը նշեց, որ դեպքից քիչ առաջ վիճաբանություն է եղել Յուրիկ Ներսիսյանի եւ մարտական հենակետում գտնվող ծառայակիցների միջեւ: Վերջիններս ծեծել եւ ստորացրել են զինվորին:

Յուրիկ  Ներսիսյանը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ էր զորակոչվել Շենգավիթի զինկոմիսարիատից, սակայն բնակվում էր Խարբերդ գյուղում:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, հոկտեմբերի 9-ին, ժամը 10.40-ի սահմանում Մարտակերտի զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն էր գործել ժամկետային զինծառայող, 19-ամյա Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը: Վերջինս կրկին Արարատի մարզի Խարբերդ գյուղի բնակիչ էր: Նա մահվանից առաջ ձեռքի ափի մեջ գրել էր իրեն ծեծած եւ նվաստացրած զինծառայողների անունները: Մեր տեղեկություններով, գործով ձերբակալվել են երկու ժամկետային զինծառայողներ: