«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում, հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից իրականացվող ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղը։ Մրցաշարը նվիրված էր Անդրանիկ Մարգարյանի 60-ամյակին: Գլխավոր մրցանակի համար մրցել են մարզային փուլում առաջին տեղը գրաված Արմավիրի մարզի «Մեծամոր» թիմը եւ Երեւանի տարածքային կազմակերպությունների միջեւ առաջին տեղը գրաված «Մալաթիա-Սեբաստիա» թիմը, ինչի արդյունքում մրցանակին արժանացավ «Մալաթիա-Սեբաստիա» թիմը: Խաղին հետեւում էին Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը եւ վարչական շրջանների ղեկավարներ:

Ֆուտբոլային առաջնությունն անցկացվում էր ՀՀԿ երիտասարդական կազմակերպության տարածքային եւ մարզային կազմակերպությունների միջեւ։ Մրցաշարի նպատակը երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումն է, ինչպես նաեւ ֆուտբոլ մարզաձեւի մասսայականացումն ու զարգացումը։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կ.Ավագյանը, ողջունելով նախորդ օրը մրցած ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներին, նշել է. «Ֆուտբոլային վերջին զարգացումները ապացուցեցին, որ ֆուտբոլի շուրջ պետք է հավաքվել, ֆուտբոլը պետք է հնարավորինս զարգացնել: Դա է պատճառը, որ այս տարի այս ծրագիրը կրեց ավելի մասսայական բնույթ, որովհետեւ ծրագրին մասնակցեցին ոչ միայն Հայաստանի մարզերի, այլեւ Երեւան քաղաքի բոլոր վարչական շրջանների ներկայացուցիչները»: