ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10․4%-ով։ Միաժամանակ, հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը հունիսի նկատմամբ կազմել է 7․6%, իսկ նախորդ տարվա հուլիսի համեմատ՝ 6%:

Ըստ Վիճկոմիտեի՝ առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է շինարարության ոլորտում՝ 17․2%-ով, ծառայությունների ոլորտում՝ 14․9%-ով (առանց առևտրի)։

Այս տարվա յոթ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առեւտրաշրջանառությունն աճել է 23%-ով:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 0․5%-ով, սպառողական գներն էլ՝ 3․6%-ով:

Նշենք նաև, որ այս տարվա յոթ ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 3․5%-ով, իսկ 2022թ-ի հուլիսի համեմատ՝ 8․5%-ով։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 62․6%-ով, ընդ որում` արտահանումն ավելացել է 62․1%-ով, իսկ ներմուծումը՝ 63%- ով։