ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից հավատարմագրված կազմակերպության հետ քննարկվել են որդեգրման ոլորտի աշխատանքները

ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետ Մարինե Յայլախանյանը և աշխատակիցները հանդիպել են ԱՄՆ պետական դեպարտամենտի կողմից հավատարմագրված Carolina Adoption Services կազմակերպության տնօրեն Ֆիլիս Սթիվենսոնի և կազմակերպության ներկայացուցիչների հետ: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:

Արդարադատության նախարարությունը Carolina Adoption Services հավատարմագրված կազմակերպության հետ համագործակցում է «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի կոնվենցիայի շրջանակներում՝ երեխաների որդեգրման գործընթացներում:

Հանդիպման ընթացքում կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային որդեգրման բնագավառում իրենց կողմից իրականացվող աշխատանքները և քննարկել հետագա համագործակցության ուղղությունները:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր գործիքակազմերի ներդրմամբ առավել թափանցիկ դարձնել որդեգրման ընթացակարգերը: