Երեւանում, հոկտեմբերի 13-ին, Աջափնյակ համայնքի Շինարարների 10 հասցեում տեղի է ունեցել «Հայփոստ» ընկերության թիվ 0038 փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը:
«Հայփոստի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Հայփոստ մարաթոն-2011» ծրագրի եզրափակիչ փուլն իր ակտիվ ընթացքի մեջ է եւ գրեթե ամեն օր տեղի է ունենում փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողություն:
Այս անգամ, արարողությանը ներկա են եղել Աջափնյակի թաղապետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Միքայելյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը, ինչպես նաեւ` թաղամասի բնակիչներ: Շնորհավորելով բնակիչներին` Պրն Միքայելյանն իր խոսքում ընդգծել է վերաբացված բաժանմունքի հարմարավետ պայմանները:
«Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը հիշեցրել է, որ այսօր ընթանում է ոչ միայն «Հայփոստ մարաթոն 2011» բաժանմունքների նորացման ծրագիրը, այլեւ` «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի ղեկավարությամբ արդեն մեկնարկել է «Հայփոստ»-ի բաժանմունքների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված հիմնավոր ծրագիր»:
Ամբողջությամբ նորոգվել եւ նոր բրենդին է համապատասխանեցվել բաժանմունքը, նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել եւ նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը եւ այլն:
«Հայփոստ մարաթոն 2011» ծրագրով մինչեւ տարեվերջ նախատեսվում է վերաբացել 50 բաժանմունք` ինչպես Երեւանում, այնպես էլ` հանրապետության մարզերում:
Առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների եւ մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր կոմերցիոն ծառայությունների տեսականին:




























