Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը հայտնել է, որ օգոստոսի 30-ի գիշերը Պսկովի ռազմաքաղաքացիական օդանավակայանի վրա գրոհած անօդաչու սարքերն արձակվել են Ռուսաստանի տարածքից։ Այս մասին նա ասել է The War Zone նախագծի մեկնաբանությունում:

«Մենք աշխատում ենք Ռուսաստանի տարածքից»,- ասել է Բուդանովը՝ չհստակեցնելով, թե անօդաչուները արձակվել են հետախույզների, թե պարտիզանների կողմից։ Բուդանովը հրաժարվել է ասել նաև, թե ինչ տեսակի անօդաչու սարքեր են օգտագործվել և չի նշել դրանց թիվը։

Ըստ Բուդանովի, օդանավակայանում գտնվող  երկու ինքնաթիռ «ոչնչացվել է», ևս երկուսը «լուրջ վնաս» է ստացել։ Ընդ որում, օգոստոսի 30-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզությունը պնդում էր, որ ոչնչացվել է չորս Իլ-76, ևս երկուսը վնասվել է։

The War Zone-ի տրամադրության տակ եղել է նաև գրոհին մասնակցած անօդաչուի ինֆրակարմիր տեսախցիկով նկարահանված տեսանյութը։ Հրապարակված լուսանկարում պատկերված է այրվող ինքնաթիռը։ Այս ձայնագրության հիման վրաThe War Zone-ը ենթադրում է, որ ռումբը գցած անօդաչու թռչող սարքը գտնվել է դիսպետչերի հսկողության տակ։