Երեւանի Աբովյան-Կորյուն փողոցների գետնանցումի համար հայտարարված մրցույթի արդյունքները չեղյալ են հայտարարվել: NEWS.am-ի տեղեկություններով, մրցույթում հաղթող ճանաչված «Անցում-1» ՍՊԸ-ն հոկտեմբերի 13-ին հրաժարվել է իր դիմումից:
Նշենք, որ մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 2 իրավաբանական եւ մեկ ֆիզիկական անձ: Իրավաբանական անձանցից մեկն էլ գետնանցումում ներկայումս գործունեություն ծավալող առեւտրականների ստեղծած ընկերությունն էր, որը եւս հայտ էր ներկայացրել: Սեպտեմբերի 19-ին կայացած մրցույթում հաղթող էր ճանաչվել «Անցում-1»-ը, սակայն այն հրաժարվել է իր իրավունքներից:
Մեր տեղեկություններով, մրցույթի արդյունքները չեղյալ են հայտարարվել, եւ առաջիկայում նոր մրցույթ է հայտարարվելու:
Հիշեցնենք, որ Աբովյան-Կորյուն փողոցների գետնանցումում առեւտրով զբաղվողները դեռեւս օգոստոսի 19-ին բողոքի ակցիա էին կազմակերպել նախագահական նստավայրի դիմաց: Նրանց բողոքի պատճառ է հանդիսացել իրենց հասած այն տեղեկությունը, որ Երեւանի քաղաքապետարանը որոշել է աճուրդով վաճառել նաեւ այդ տարածքը` իրենց զրկելով գետնանցումի կրպակներում առեւտուր իրականացնելու հնարավորությունից:




























