Հեռավար աշխատանքը Հայաստանում պետք է կարգավորել օրենսդրական մակարդակով։ Այս մասին Ազգային ժողովում, աշխատանքի եւ սոցիալական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու օրինագծի քննարկման ժամանակ, սեպտեմբերի 5-ին հայտարարել է հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։

Փոխնախարարի խոսքով՝ այսուհետ հեռավար կարելի կլինի աշխատել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում։ «Ներկա պահին օրենքում կա նորմ, որը կարգավորում է հեռավար աշխատանքը, բայց այն վերաբերում է միայն ճգնաժամային իրավիճակների շրջանին»,- նշել է Սարգսյանը։

Նա ներկայացրել է նաեւ միջազգային վիճակագրությունը։ Օրինակ, ԱՄՆ աշխատանքի շուկայում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ 2023թ. փետրվարին օֆիսներից աշխատել է աշխատակիցների մոտ 20 տոկոսը։ Մյուսները՝ մոտ 80 տոկոսը, աշխատում են կամ լրիվ հեռավար, կամ հիբրիդ ձեւով։ Նույն միտումը նկատվում է նաեւ Եվրոպայում։

«Նախագծով նախատեսվում է, որ հեռավար աշխատանքը կիրականացվի աշխատակցի եւ գործատուի երկուստեք համաձայնությամբ։ Իհարկե՝ պայմանով, որ կոնկրետ աշխատանքի բնույթը թույլ տա կատարել այն այդ ձեւաչափով»,- ասել է փոխնախարարը։

Իրենց աշխատանքային պարտավորությունները կատարելու ընթացքում աշխատակիցը պարտավոր է ապահովել դրանց պատշաճ կատարումը, ինչպես նաեւ իր հասանելիությունը գործատուի համար փոխհամաձայնեցված կարգով։

Վերոնշյալ պահանջներն աշխատակցի կողմից չկատարելը կհամարվի աշխատանքային կարգապահության խախտում։

Որոշ քննարկումներից հետո այս օրենսդրական նախաձեռնությունը ստացավ մշտական խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։