Սեպտեմբերի 6-ին «Մայր Հայաստան» դաշինքի անդամները հանդիպել են «Փեթակի» վաճառողների հետ։

Դաշինքի ղեկավար, Երեւանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը։

Նրա խոսքով՝ այն ձեռներեցներին, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 30 մլն դրամը, պետք է ազատել շրջանառության հարկից։ Բայց միայն 10 տարով։ Ընդ որում՝ 180 մլն տարեկան շրջանառություն ունեցող իրավաբանական անձինք եւ ընկերությունները պետք է վճարեն ընդամենը 1 տոկոս։ «Շուկաների վաճառողները պարտադիր կարգով պետք է դրամարկղային կտրոններ տրամադրեն։ Բայց եւ այնպես, նրանց ընտրության հնարավորություն կընձեռվի։ Նրանք կկարողանան կամ օգտվել մեր՝ մինչ այժմ հնչեցրած առաջարկներից, կամ սկսել վճարել պետության սահմանած ֆիքսված գումարը։ Այսինքն՝ 180 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող գործարարը կկարողանա կամ վճարել ավելի վաղ նշված 1 տոկոսը, կամ օգտվել ֆիքսված դրույքից»,- պարզաբանել է Թեւանյանը։